Jump to content

Աստրիդ Կլևե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրիդ Կլևե
Ծնվել էհունվարի 22, 1875(1875-01-22)[1]
Ուպսալա, Շվեդիա[1]
Մահացել էապրիլի 8, 1968(1968-04-08) (93 տարեկան)
Ուպսալա, Շվեդիա[1]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկենսաբան, երկրաբան, քիմիկոս, բուսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուփսալայի համալսարան[3]
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՈւփսալայի կին ուսանողների ասոցիացիա[4]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան[3][1]
Ամուսին(ներ)Hans von Euler-Chelpin?[3][1]
Երեխա(ներ)Ուլֆ ֆոն Էյլեր[3], Գեորգ ֆոն Էյլեր և Karin Stolpe?
ՀայրՊեր Թեոդոր Կլեվե[3][1][5]
ՄայրԱլմա Կլևե[5]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)A.Cleve և Cleve-Euler
 Astrid Cleve Վիքիպահեստում

Աստրիդ Կլեվե (շվեդ.՝ Astrid от кливом, հունվարի 22, 1875(1875-01-22)[1], Ուպսալա, Շվեդիա[1] - ապրիլի 8, 1968(1968-04-08), Ուպսալա, Շվեդիա[1]), շվեդ գիտնական-բուսաբան, երկրաբան, քիմիկոս, Ուփսալայի համալսարանի հետազոտող։

Առաջին կինն է եղել Շվեդիայում, ով ստացել է գիտության դոկտորի աստիճան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Կլևեն ծնվել է 1875 թվականի հունվարի 22-ին, Շվեդիայի Ուփսալա քաղաքում, քիմիկոս, օվկիանոսագետ, երկրաբան և պրոֆեսոր Պեր Թեոդոր Կլևեի և նրա կնոջ՝ Ալմայի ընտանիքում։ Եղել է նրանց ավագ դուստրը։ Իր երկու կրտսեր քույրերի հետ Աստրիդն իր նախնական կրթությունը ստացել է տանը, ուսուցանել է մայրիկը, որը Շվեդիայի առաջին կանանցից մեկն է եղել, ով ստացել է գիմնազիական կրթություն։ Հոր լաբորատորիայում Աստրիդ Կլևեն ուսումնասիրել է պլանկտոնը և գիտության հիմունքները, որն էլ նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել դիատոմային ջրիմուռների նկատմամբ։

1891 թվականի աշնանից Ուպսալայի համալսարանում սովորել է բնական գիտություններ։ Համալսարանն ավարտել է 1894 թվականի հունվարին՝ ստանալով բակալավրի աստիճան[6]։ Այնուհետև աշխատել է որպես Ստոկհոլմի առաջադիմական համալսարանի քիմիայի պրոֆեսորի ասիստենտ[7]։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել է գերմանա-շվեդական կենսաքիմիկոս, իսկ հետագայում Նոբելյան մրցանակակիր Հանս ֆոն Էյլեր-Հելփինի հետ[8]։ 1902 թվականին նրանք ամուսնացել են, և Աստրիդը ստացել է Կլիվ ֆոն Էյլեր ազգանունը։ Ունեցել են հինգ երեխա[7], որոնցից երեքը ծնվել են Աստրիդի համալսարանն ավարտելուց անմիջապես հետո[8], որդիներից մեկը՝ Ուլֆ ֆոն Էյլերը, դարձել է ֆիզիոլոգ և Նոբելյան մրցանակակիր[7]։ 1912 թվականին նրանք ամուսնալուծվել են, իսկ տասնյոթ տարի անց՝ 1929 թվականին, Հանս ֆոն Էյլեր-Հելպինը ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում՝ ֆերմենտացման վերաբերյալ իր հետազոտության համար[8][7]։ 1911-1917 թվականներին Աստրիդ Կլևեն որպես ուսուցիչ աշխատել է Ստոկհոլմի կանանց սեմինարիայում։ Այդ ժամանակահատվածում նա շարունակել է իր հետազոտությունները։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Վերմլանդ, որտեղ ապրել է 1917-1923 թվականներին։ Վերմլանդում ղեկավարել է Անտառային հետազոտությունների լաբորատորիան (Skoghallsverkens), «Uddeholm Company» դուստր ձեռնարկությունը, որտեղ շարունակել է հետազոտություններ անցկացնել[8]։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ուփսալա, իսկ 1933 թվականին տեղափոխվել են Լինդեսբերգի ոչխարաբուծական ֆերմա։ Բացի հողագործությունից, Կլևեն դասավանդել է ռեալական դպրոցում[9]։ 1949 թվականին ընտանիքը վերադարձել է Ուփսալա, որտեղ նրանք անկացրել են իրենց կյանքի մեծ մասը, նույն թվականին դարձել է կաթոլիկ։

1968 թվականին՝ 93 տարեկանում, Աստրիդը ճողվածքի վիրահատություն է տարել, որից հետո այլևս չի կարողացել ապաքինվել։ Աստրիդ Կլևե ֆոն Էյլերը մահացել է 1968 թվականի ապրիլի 8-ին, Վեստերոսի ծերանոցում։

Գիտական հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1895-1896 թվականներին Աստրիդ Կլևեն զբաղվել է դիատոմային ջրիմուռների ուսումնասիրությամբ։ Նույնականացման և արկտիկական լճերում նոր դիատոմների հայտնաբերման արդյունքները հրապարակել է «On recent freshwater diatoms from Lule Lappmark in Sweden» աշխատության մեջ։ Ուսումնասիրում է նաև բույսերի էկոհամակարգերը հեռավոր հյուսիսային շրջաններում և դրանց հարմարվողականությունը խստաշունչ պայմաններին[6]։ 1896 թվականից մինչև 1898 թվականն ընկած ժամանակահատվածում Կլևեն հրապարակել է 4 հոդված քիմիայի վերաբերյալ, որոնք վերաբերել են տարբեր կառուցվածքներում ազոտական օրգանական միացություններին։ Իտերբիումի վերաբերյալ Ուպսալայի համալսարանում կատարված նրա հետազոտությունը հրապարակվել է Ստոկհոլմի համալսարանի կողմից․ Աստրիդը որոշել է քիմիական տարրի ատոմային զանգվածը և այլ հատկությունները[8]։ 1898 թվականի մայիսին՝ 23 տարեկան հասակում, նա Ուպսալայի համալսարանում[6] պաշտպանել է «Studier ofver några svenska väksters groningstid och förstärkningstadium»[10] - «Հետազոտություն առանձին շվեդական բույսերի բողբոջման ժամանակի և աճի փուլերի վերաբերյալ» ատենախոսությունը և ստացել դոկտորական աստիճան։ Աստրիդը երկրորդ կինն է եղել, ով կատարել է այդ հետազոտությունը և առաջինն է այդ գիտության ոլորտում։ 1898-1902 թվականներին աշխատել է Ստոկհոլմի համալսարանում որպես պրոֆեսորի ասիստենտ[8]։ Ստոկհոլմի համալսարանում իր պաշտոնավարման ընթացքում հոդված է հրապարակել լանթանի և սելենի մասին[7]։ Հանս ֆոն Էյլեր-Հելպինի հետ ամուսնանալուց հետո թողել է աշխատանքը Ստոկհոլմի համալսարանի քիմիայի ամբիոնում։ Ամուսնությունից հինգ տարի անց Կլևեն ամուսնու հետ հրատարակել է 16 գիտական աշխատություն։ Ամուսիններն աշխատել են ազոտական օրգանական միացությունների, ֆորմալդեհիդից կետոզի սինթեզի, խեժերի քիմիական նյութերի և սպիրտի արդյունաբերական սինթեզի ուսումնասիրությունների վրա։ 1910-1912 թվականներին՝ միջնակարգ դպրոցում ուսուցիչ աշխատելու տարիներիին, Կլևեն վերսկսել է պլանկտոնի ուսումնասիրությունը՝ հիմնականում ուսումնասիրելով Ստոկհոլմի մոտ գտնվող ջրային ավազանի բուսական աշխարհը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են նաև այսօր, քանի որ այն միակ հրապարակումն է, որը վերաբերում է Ստոկհոլմի տարածաշրջանում տեղի ունեցած դիատոմային ջրիմուռներով աղտոտմանը։ 1913 թվականին Կլևեն նշանակվել է Շվեդիայի հիդրոգրաֆիկ կենսաբանական հանձնաժողովի կենսաբանական ասիստենտ։ 1917 թվականին հրատարակել է մենագրություն Սկագերակի նեղուցում պլանկտոնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։ Այնուհետև ղեկավարել է Գիտահետազոտական անտառային լաբորատորիան (Skoghallsverkens), որը հանդիսանում է Uddeholm ընկերության դուստր ձեռնարկությունը, որտեղ շարունակել է իր գիտական աշխատանքը։ 1920-1925 թվականներին իրականացված նրա ուսումնասիրությունները հրապարակվել են 23 հոդվածներում, որոնք վերաբերվում են լիգնինի հատկություններին, փայտի մեջ դրա պարունակությանը, սոճու, եղևնու և փշատերևների կազմությանը, բույսերի մեջ ածխաթթու գազի դերին[8], բայց աշխատանքը հիմնականում կենտրոնացած է եղել լիգնինի քիմիական հատկությունների վրա[7]։ Այդ ընթացքում չի դադարել դասավանդել դպրոցում և գրել է հանրաճանաչ գիրք սելենի մասին, ինչպես նաև կիրառական կենսաքիմիայի դասագիրք[8]։

Մոտավորապես այդ ժամանակաշրջանում և հետագայում 1960-ականներին, Կլևեն կրկին կենտրոնացրել է իր հետազոտությունները Բալթիկ ծովում կենդանի և բրածո դիատոմային ջրիմուռների վրա։ Նրա հետազոտությունները կապված են նաև պալեոբուսաբանական խնդիրների հետ, ներառյալ Բալթիկ ծովում ջրի մակարդակի փոփոխությունները [8]։ Նույն ժամանակահատվածում՝ 1932-1955 թվականներին, հրատարակել է մի քանի մենագրություններ դիատոմների տաքսոնոմիայի վերաբերյալ։ 1951 թվականին Կլևեն հրատարակել է շվեդական և ֆիննական դիատոմների մասին «Die Diatomeen von Schweden und Finnland» մենագրությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան տասը տարի[9]։ 1945 թվականին վերադարձել է Ուպսալայի համալսարանի երկրաբանության ամբիոն։ 1948 թվականին նրան շնորհվել է «Jubilee Doctor of Philosophy» պատվավոր կոչում՝ որպես առաջին կին Շվեդիայում։ 1955 թվականին ստացել է պատվավոր պրոֆեսորի կարգավիճակ՝ դիատոմների ուսումնասիրության համար[11]։ Կլևեն շարունակել է հրատարակել գիտական աշխատությունները մինչև 86 տարեկան հասակը[7]։

Ընտրված գիտական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • On recent freshwater diatoms from Lule Lappmark in Sweden (1895)
  • Studier öfver några svenska växters groningstid och förstärkningsstadium (1898) Dissertation
  • Bidrag till kännedomen om ytterbium (1901)
  • Cyclotella bodanica i Ancylussjön: Skattmansöprofilen ännu en gång (1911)
  • Försök till analys av Nordens senkvartära nivåförändringar (1923), Geologiska Föreningen i Stockholm Förhandlingar
  • The diatoms of Finnish Lapland (1934)
  • Sundets plankton: sammansättning och fördelning (1937)
  • Bacillariaceen-assoziationen im nördlichsten Finnland (1939)
  • Natur und Alter der Strandflächen Finnlands: Eine spätquartäre Rekonstruktion (1943)
  • Die diatomeen von Schweden und Finnland I-V (1951-1955)
  • Was war der Svea älv? (1957)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Astrid M Cleve von Euler (շվեդերեն) — 1917.
  2. Cleve, Astrid von EulerSvenskagravar.se.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 272. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  4. Thora Alfhilda Evelina Wigardh
  5. 5,0 5,1 Astrid Maria, f. 1875 i Uppsala Uppsala län (շվեդերեն)Riksarkivet.
  6. 6,0 6,1 6,2 Creese, Creese, 2004, էջ 3
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Ogilvie, Harvey, 2000, էջ 272
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Creese, Creese, 2004, էջ 4
  9. 9,0 9,1 Creese, Creese, 2004, էջ 5
  10. Creese, Creese, 2004, էջ 24
  11. Creese, Creese, 2004, էջ 6
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Կլևե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Կլևե» հոդվածին։